ԵՐԵԽԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԸ. ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՅՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Փոքրիկ մարդուկը ծնվել է: Երբ առաջին անգամ նրան գրկում ես, զարմանալի է, թե այդքան փոքր լինելով՝ որքան մեծ նշանակություն ունի նա քո համար: Առաջին անգամ մայրանալը սկզբում որոշ դժվարություններ է առաջացնում, սակայն անկասկած այդ փոքրիկ ուրախության կծիկի համար արժե դիմանալ այդ դժվարություններին: Ահա թե ինչերի է պետք պատրաստ լինել երեխայի ծնվելուց հետո առաջին ամիսների ընթացքում:

Առաջին ամիս՝ երանելի ժամանակաշրջան

Սկզբում քո բալիկն իր լեզվով սկսելու է բլբլալ: Հիշիր, որ ամեն երեխա տարբեր է. նրանք կարող են անակնկալի բերել քեզ՝ հանելով այնպիսի ձայներ, որոնք դու ամենաքիչն ես սպասում լսել:

Քո փոքրիկի լսողությունը շատ զգայուն է: Եթե գրկես նրան և սկսես խոսել, նա կլսի քո ձայնը և կտեսնի դեմքիդ արտահայտությունը: Փոքրիկ գանձիդ հետ անցկացրած յուրաքանչյուր պահ շատ յուրահատուկ է՝ դու անգին զգայական կապ ես ստեղծում ողջ կյանքի համար:

 

Եթե երբեմն անվստահություն զգաս կատարածդ ընտրությունների համար՝ խոր շունչ քաշիր և մի անհանգստացիր: Միայն դու գիտես՝ ինչն է քո բալիկի համար լավագույնը, քանի որ քո պես ոչ ոք չի ճանաչում և հասկանում իրեն: Առաջին ամիսները կարող են բարդ լինել քո և ամուսնուդ համար, և շատ լավ կլինի, եթե դուք խոսեք այդ մասին իրար հետ:

Երկրորդ ամիսը եկավ՝ եկան նաև ժպիտները

Իրոք, բալիկն արդեն երկրորդ ամսից սկսած կուրախացնի քեզ իր ժպիտով: Հենց այն ժամանակ, երբ ուզում ես քեզ ավելի լավ զգալ մի ամիս անքուն գիշերներ անցկացնելուց հետո 🙂 Դու կբացահայտես, որ բալիկիդ առաջին նվաճումները՝ ժպիտը, բառը, քայլը մեծագույն երջանկություն են ծնողի համար: Անգամ հետո՝ շատ ավելի ուշ, դու կժպտաս այդ պահերը հիշելիս:

 

Փոքրիկի լսողությունն ավելի զարգացած է, և հիմա նա կարողանում է տարբերել և ճանաչել ձայները. դա ոչ միայն կօգնի քեզ, երբ պետք լինի նրան հանգստացնել, այլև դա նշանակում է, որ երեխան քո հետ հատուկ կապ է սկսել ձևավորել, որը կմնա նրա ամբողջ կյանքի ընթացքում: Որոշ մայրիկներ խոսում և երգում են իրենց բալիկների համար: Իսկ դու փորձե՞լ ես: Դա նույնիսկ կարող է հանգստացնող ազդեցություն ունենալ քո համար:

Բարև, երրորդ ամիս

Մոտավորապես այս տարիքում քո բալիկը կբացահայտի իր ձեռքերը, քանի որ նրա շոշափողական զգայարանն ավելի զարգացած է: Դու կզարմանաս, թե որքան են նրան հետաքրքրում տարբեր գործվածքները: Փորձիր տալ նրան շոշափելու տարբեր հագուստի տեսակներ կամ ձեռք բեր կտորից գրքեր՝ նախատեսված հատուկ այդ տարիքի համար: Փորձիր տարբեր գործվածքներ, որպեսզի հասկանաս, թե որն է առավել հետաքրքիր քո բալիկի համար: Արդեն պարզե՞լ ես՝ ինչն է նրան առավել դուր գալիս:

 

Երեխայի շարժողական ունակությունները ևս զարգանում են: Հիմա նա արդեն կարողանում է պտտվել փորիկի վրա Կարող ես սկսել նաև գրքեր կարդալ փոքրիկիդ համար, մինչև անգամ արարողություն սարքել քնելուց առաջ հեքիաթ կարդալը: Դա կօգնի քեզ քնեցնել նրան, և բացի այդ՝ երեխան միշտ ուրախ է քո ձայնը լսել: Այդ լուռ և խաղաղ վայրկյանները, երբ փոքրիկդ քնած է լավագույնն են. քնած երեխայից ավելի գեղեցիկ ոչինչ չկա աշխարհում:

 

Իսկ ինչպիսի՞ն են եղել Ձեր բալիկի առաջին ամիսները, Pufies մայրիկներ, և ո՞րն է եղել ամենահուզիչ պահը: Կիսվեք մեկնաբանություններում :